ՀՀ բոլոր ղեկավարներն անխտիր քաղաքական դաշտ եկել են Ղարաբաղով կամ եկել են Ղարաբաղից ու Ղարաբաղը պահելու նպատակով, բոլորը՝ բացի Նիկոլ Փաշինյանից՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Միքայել Մինասյանը և ներկայացրեց, թե ինչպես նախապատրաստվեց դավաճանությունը և ինչպես Նիկոլ Փաշինյանը ծախեց Արցախը: Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը մի անձնավորություն է, ով իր ամբողջ գիտակից կյանքում մերժել է Ղարաբաղը, մերժել է նաև արցախիզմը:
«Նիկոլ Փաշինյանը չէր համարում և չի համարում, որ Արցախը 3-րդ Հանրապետության ողնաշարն է, նա վստահորեն կարծում է, որ Արցախը երրորդ Հանրապետության քաղցկեղն է, որը պետք է կտրել և շպրտել այն կողմ»,- ասաց նա:
Մինասյանը նշեց, որ պատմելու է, թե ինչպես հետևողականորեն Փաշինյանը պատրաստեց ՀՀ-ն կապիտուլյացիայի և պարտության: Նա ընդգծեց, որ Ալիևը միշտ փորձել է լուծել Ղարաբաղի հարցը պատերազմի ճանապարհով, և, ըստ Մինասյանի, նա դա միշտ փորձել է անել երեք հիմնական կետի հասնելով՝ ՀՀ-ում դիվանագիտական բալանսի խախտում, ռազմական բալանսի խախտում և քանդել Հայաստանը ներսից: Միքայել Մինասյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը մեր այս երեք հենասյուները հետևողականորեն քանդել է: «Փաշինյանը քանդեց ԵԿՄ-ն՝ բեմադրելով «օպերացիա տուշոնկա»: Մանվել Գրիգորյանին գուցե հասնում էր դատ ուրիշ հարցերով, բայց ոչ մոնտաժված տեսանյութի համար, որը Փաշինյանը հանձնարարել էր իր երկու ծաղրածուներին՝ Ալեն Սիմոնյանին և Արեն Մկրտչյանին: Այդ ֆիլմը մոնտաժվել է Հանրային հեռուստաընկերությունում»,- ասաց նա:
Մինասյանը նշեց, որ հետո բեմադրվեց Ռոբերտ Քոչարյանի օպերացիան և հավելեց, որ Քոչարյանն այն մարդկանցից էր, ով կարող էր ամրապնդելով ներքին բանակը, խանգարել Փաշինյանին հանձնել Արցախը: Նա հիշեցրեց նաև, որ «Մարտի 1-ի» գործի շրջանակում խայտառակվեցին և փորձ արվեց խաղից նույնիսկ հանել կարկառուն գեներալներին՝ Օգանովսկիից մինչև Սեյրան Օհանյան, Լևոն Մնացականյանից մինչև Արշավիր Ղարամյան: Միքայել Մինասյանը՝ որպես պատճառ, նշեց նաև Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը: «Բոլոր հրամանատարները, որոնք չէին անցել ու չէին նվաստացվել «Մարտի 1»-ի և ԵԿՄ-ի գործով, կանչվեցին այստեղ՝ կիսամարդկանց շուրջ զեկուցվելու»,- ասաց նա:
Մինասյանը շեշտեց, որ ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին պետք էր մեկ պատճառով՝ դակելու բոլոր այն օրենքները, որոնք նախապատրաստեցին Հայաստանը պարտության և ամենակարևորը, որոնք հնարավորություն տվեցին հանձնել Ղարաբաղը: Դրանից հետո սկսվեց «վնգստացող դատավորներ» օպերացիան. Փաշինյանին պետք էր նաև ՍԴ-ն, քանի որ բոլոր միջազգային օրենքները վերջում անցնելու էին ՍԴ-ով:
«Պատերազմը սկսվեց, երբ Նիկոլ Փաշինյանը, բոլոր հնարավոր օրենքները խախտելով, գրավեց ՍԴ-ն, ՍԴ նախագահի նշանակումից, որովհետև ես գտնում եմ, նա նշանակվել է, ուղիղ 7 օր հետո, սկսվեց Արցախյան 2-րդ պատերազմը, որը բերեց Ղարաբաղի կապիտուլյացիայի»,- ասաց նա և ընդգծեց, որ այդպիսի համընկնումներ չեն լինում: Որպեսզի Ղարաբաղը հանձնվեր, Ղարաբաղում էլ պետք էր իրենց հարմար իշխանություն: «Քանի որ ՀՀ-ում կա երեք բևեռ՝ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան և Սորոս, նաև Ղարաբաղում արտացոլվեց այդ երեք բևեռը, երեքգլխանի դևն այնտեղ էլ առաջացավ. Ֆեյսբուքի կապիկ Արայիկ Հարությունյանը, ով Նիկոլ Փաշինյանի օրհնությամբ ընտրվեց Արցախի նախագահ, Աննա Հակոբյանը որոշեց, որ ԱԱԽՔ պետք է լինի Սամվել Բաբայանը և երրորդը՝ Սորոսը որոշեց, որ ԱՀ ԱԳ նախարար պետք է լինի Մասիս Մայիլյանը: Ղարաբաղում էլ ունեցանք խամաճիկ իշխանություն, որը պատրաստ էր ամեն ինչի»,- հայտարարեց նա:
Միքայել Մինասյանը նաև նշեց, որ մնացել էր երրորդ կետը՝ երկիրը պատրաստել կապիտուլյացիայի,այդ օպերացիան էլ ստանձնեց Աննա Հակոբյանը, ով սկսեց միակողմանի խաղաղության քարոզ: «Իմ ընկալմամբ խաղաղությունը
պատերազմի բացակայությունն ու հաղթանակն է, Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի ընկալման մեջ խաղաղությունը պարտութունն է և պատերազմը»,- ասաց նա: